Հայաստանի հանքային արդյունաբերությունը
Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։
Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ; կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի։ Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։
Հանքեր
Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր։ Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են։
Այս բազային և թանկարժեք մետաղների հանքավայրերի թվում են 7 պղնձա-մոլիբդենային, 3 պղնձի, 13 ոսկու և ոսկու բազմամետաղային հանքեր, 2 բազմամետաղային և 2 երկաթի հանքաքարի հանքավայր։
Բացի այդ հանքային ռեսուրսների պետական կադաստրում գրանցված են 115 լրացուցիչ նոր հայտնագործած տարբեր հանքավայրեր։
Արտադրություն
2005 թ., տասնյոթ խոշոր լեռնամետալուրգիական ձեռնարկություններ էին գործում, որոնք պղինձ և մոլիբդեն են արդյունահանում կամ մնացորդներից ոսկի դուրս բերում։ Հայաստանը արտադրում է նաև ալյումինե նրբաթիթեղ Ռուսաստանից ներկրվող հումքի հիման վրա և զարգացած է ադամանդագործությունը ներմուծվող հումքի վրա։